Kia ընկերությունը արժանացել է դիզայնի համար տրվող երկու հեղինակավոր մրցանակի նախորդ տարի թողարկված երկու մոդելների համար։ Kia EV6 էլեկտրական քրոսովերը և չորրորդ սերնդի Kia Carnival մինիվենը բարձրագույն մրցանակի են արժանացել ամենամյա GOOD DESIGN Awards մրցանակաբաշխության «Տրանսպորտային միջոցներ» անվանակարգում։
Լիովին նոր EV6-ը Kia-ի առաջին ամբողջովին էլեկտրական մեքենան է, որը կառուցվել է Electric Global Modular Platform (E-GMP) գլոբալ էլեկտրական մոդուլային հենահարթակի հիման վրա։ Վերջինս ապահովում է մինչև 528 կմ ընթացքի իրական պաշար և թույլ է տալիս արագ լիցքավքորել մեքենան տպավորիչ բարձր արագությամբ։
EV6-ի համարձակ կոնցեպտուալ ոճը ներառում է Kia-ի դիզայնի՝ արդեն իսկ լայն հայտնի նոր փիլիսոփայության դրույթները, որը կոչվում է Opposites United («Հակադրությունների միավորում») և ոգեշնչված է բնության և մարդու մեջ հանդիպող կոնտրաստներով։ Էքստերիերի առանձնահատկությունների թվում հիշատակման են արժանի ցերեկային ընթացքի կրակները, որոնք ինտեգրված են «վագրի թվային դեմքի» մեջ, ինչպես նաև ժամանակակից և աերոդինամիկ կողային պրոֆիլն ու համարձակ ուրվագիծը, որը բնորոշ է քրոսովերներին։ Ինտերիերում ամբողջովին օգտագործվում են E-GMP հենահարթակի հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ստեղծել բարձրտեխնոլոգիական, ընդարձակ և հարմարավետ մթնոլորտ։
Բացարձակ նոր Kia Carnival մինիվենը, որը նախագծվել է Kia-ի կալիֆորնիական դիզայն-ստուդիայում, առանձնանում է համարձակ և մկանուտ արտաքինով, որը համահունչ է մակնիշի ամենագնացների հաջողակ մոդելային շարքի վիզուալ լեզվին, ներառյալ Telluride-ը, Sorento-ն և Seltos-ը։ Կարծես քանդակած կապոտը ընդգծում է ավտոմեքենայի ագրեսիվ խառնվածքը, իսկ հստակ ուրվագծված անվակամարները Carnival-ի կողային պրոֆիլին լրացուցիչ ծավալ են հաղորդում։ Եռաշարք սրահը, որը հասանելի է 7 կամ 8 նստատեղերով, առաջարկում է ճկուն փոխդասավորվածության հնարովորություն, ինչն իր հերթին ապահովում է այս դասում լավագույն մարդատար և բեռնատար սրահը։
Քարիմ Հաբիբը, Kia-ի դիզայներական կենտրոնի ղեկավարը, հայտարարում է․ «GOOD DESIGN մրցանակները հաստատում են մեր Kia EV6 և Kia Carnival մոդելների ոճի հանդեպ մեր մոտեցման կարևորությունը, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցում մեր միջազգային դիզայներական թիմի համատեղ ջանքերին։ Այս տարին իրոք շրջադարձային էր մեզ համար, քանի որ մենք սկսեցինք առաջնորդվել դիզայնի նոր փիլիսոփայությամբ, որի շունչը արդեն իսկ կերպարանափոխում է մեր մեքենաները։ Մենք վճռական ենք՝ աշխատել, որպեսզի Kia-ն շարունակի ընդլայնել ավտոմոբիլային դիզայնի սահմանները»։