Kia-ի կատարած ուսումնասիրությունը պարզել է, թե ինչպես է ուղևորության ընթացքում վարորդի ընտրած երաժշտությունը ազդում էլեկտրամոբիլի ընթացքի պաշարի վրա։ Պարզվել է, որ դասական կոմպոզիցիաները, օրինակ Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան, կարող են նպաստել դրա բարձրացմանը, իսկ ավելի արագ տեմպով կատարվող տրեկերը նպաստում են քարշային մարտկոցի էներգիայի ավելի արագ սպառմանը՝ ազդելով վարորդի պահվածքի վրա։
Փորձարկման համար Kia-ն օգտագործել է GT-Line S համալրմամբ EV6 էլեկտրամոբիլը, որը սարքավորված է 14 բարձրախոսներով առանձնացող Meridian աուդիոհամակարգով։ Փորձի մի քանի մասնակից, որոնք մինչ այդ երբեք չեն նստել էլեկտրամոբիլի ղեկին, հաղթահերցին երթուղու 29 կմ երկարությամբ միևնույն հատվածը՝ լուսակիրներով, ծանարբեռնված տեղամասերով և ոլորապտույտ ճանապարհներով։
Յուրաքանչյուր վարորդ լսում էր նախապես կազմված երգացանլը, որը ներառում էր այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսին են Awake-ը Տայկոյից, Hello-ն Ադելից, Blinding Lights-ը The Weeknd խմբից, Nautilus-ը Աննա Մերեդիտից, Fade-ը Քանյե Վեստից, ինչպես նաև Բեթհովենի հանրահայտ Իններորդ սիմֆոնիան։ Ընդ որում հատուկ ցուցիչը անընդհատ գրանցում էր վարորդների կենսաչափական ցուցանիշները։ Արդյունքում պարզվեց, որ էլեկտրամոբիլը նվազագույն էներգիա էր ծախսում այն պահերին, երբ վարորդները լսում էին գերմանացի կոմպոզիտորին, իսկ առավելագույն ծախսը գրանցվում էր The Weeknd-ի երաժշտության ներքո։ Միջին ցուցանիշով աչքի ընկավ Ադելը, որի կոմպոզիցիան, ըստ փորձի կազմակերպիչների, նպաստել էր «վարման էմոցիոնալ ոճի ձևավորմանը»։
«Եթե ցանկանում եք ավելի երկար ճանապարհ անցնել, լսեք Բեթհովեն և այլ հանգիստ դասական երաժշտություն։ Իսկ եթե նպատակաը ժամանակ խնայելն է, ապա միացրեք արագ տրեկեր», – փորձը ամփոփեց դրա ղեկավար՝ դոկտոր Դունկան Ուիլյամսը։