Kia կորպորացիան հայտարարել է, որ պատրաստվում է նոր, տեխնոլոգիապես հագեցած գործարան բացել, որը կզբաղվի PBV սեգմենտի (Purpose Built Vehicles, կամ հատուկ պատվերով հավաքած ավտոմեքենաներ) մոդելների արտադրությամբ։ Այսպիսի ավտոմեքենաների թողարկումը կկենտրոնացվի հարավկարոեկան Հվասոն քաղաքում գտնվող արտադրական կլաստերում։ Գործարանի շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2023 թ, իսկ իրացման պատրաստ առաջին մեքենաները հասանելի կլինեն մինչև 2025 թ ավարտը։
«PBV ավտոմեքենաների արտադրության համար նախատեսված հատուկ հզորությունները Plan S ծրագրում սահմանված մեր ռազմավարության մասն են, քանի որ մենք ձգտում ենք առաջատար դառնալ այս սեգմենտում», — հայտարարեց Հո Սուն Սոնը, Kia Corporation-ի նախագահը և գլխավոր տնօրենը։ «Սկզբնական շրջանում մենք նոր շուկաներ կորոնենք փորձարարական PBV մոդելներով, իսկ այնուհետև կընդլայնենք մեր համաշխարհային ներկայությունը նաև ինքնավար տեխնոլոգիաներով սարքավորված PBV-ների շնորհիվ»։
Ենթադրվում է, որ 2025 թ ավարտին Kia-ն կկարողանա թողարկել միջին չափսի մոդելներ, որոնք հիմնված կլինեն «eS» հենահարթակի վրա, որը հատուկ նախագծվել է այս տեսակի ավտոմեքենաների համար։ Այն առանձնանում է բավարար ճկունությամբ և կարող է կիրառվել տարբեր չափսերի և տարբեր կարիքների ծառայող փոխադրամիջոցներ արտադրելու համար։ Պայմանական SW անունը ստացած առաջին մոդելից հետո, Kia-ն պատրաստ կլինի նաև թողարկել PBV-մոդելների լայն շարք՝ նախատեսված բեռների, թարմ սննդամքերքի, ուղևորների տեղափոխման, ինչպես նաև որպես շարժական գրասենյակ ծառայելու համար։ Սկզբնական փուլում գործարանը կարտադրի տարեկան մոտ 100 000 ավտոմեքենա, իսկ պահանջարկի աճի պարագայում հզորությունը կարող է հասցվել մինչև 150 000 ավտոմեքենայի։