Kia կորպորացիան ներկայացրել է «move.ment» անվանումը ստացած հարթակը։ Սա նորարարական ձայնային գործիք է, որը հիմնված է նախապես գրանցված բնական ձայների վրա և կոչված է ոգեշնչել օգտատերերին՝ նրանց ստեղծագործական աշխատանքում։ Շարժումն ու բնությունը ընկած են Kia-ի ստեղծարար մոտեցման հիմքում, և ընկերությունում վստահ են, որ երաժշտությունը արվեստի ամենաոգեշնչող տեսակներից մեկն է։ Շնորհիվ «move.ment»-ի Kia-ն հույս ունի ավելի մոտ դառնալ ստեղծագործողներին, նորարությամբ զբաղվողներին և ընդհանրապես ողջ աշխարհով սփռված հաճախորդներին։ Գործիքի ստեղծման ընթացքում Kia-ն համագործակցել է երաժշտության սինթեզման հայտնի վարպետ Արթուր Ջոլիի հետ, որը օգնել է տեխնոլոգիականացնել բնական ձայները, սկսած Սեուլի քաղաքային միջավայրից, մինչև Սահարայի քամիներն ու Ամազոնի հորդառատ անձրևները։
Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բնական «վարդագույն աղմուկը» ստեղծարար հոսքի զգացողություն ստեղծելու լավագույն միջոցներից է։ Ահա թե ինչու «move.ment»-ի յուրաքանչյուր ձայնային տարր խստորեն համապատասխանում է նեյրոգիտության չափորոշիչներին։ Ձայները կարող են կիրառվել մեղեդիների ստեղծման համար՝ միմյանց խառնելու և հատուկ էֆեկտների ավելացնելու միջոցով, իսկ հպումային ստեղնաշարը թույլ է տալիս ստեղծել պաթերններ, պահպանել կամ նվագարկել երաժշտական հատվածներ, ինչպես նաև մոդուլացնել նոր ձայներ։
Kia-ն արդեն իսկ օգտագործել է «move.ment»-ը Kia EV6 էլեկտրամոբիլի համար ձայնային էֆեկտները ստեղծելիս, ինչպես նաև ընկերության ձայնային տարբերանշանը նախագծելու ընթացքում։ Բացի այդ, Kia-ն հետագայում էլ նախատեսում է կիրառել գործիքը իր բրենդային արշավների ժամանակ։ Ընկերությունը պատրաստվում է մեկ տարվա ընթացքում թողարկել լիարժեք ալբոմ, իսկ մինչ այդ հրապարակել է «move.ment»-ի օգնությամբ ստեղծված չորս թրեկ։ Դրանք հասանելի կլինեն SoundCloud հարթակի վրա, որի հետ Kia-ն պատրաստվում է սերտորեն համագործակցել արդեն մոտ ժամանակներում։
«move.ment» գործիքը ներբեռնելու, դրա աշխատանքի և ստեղծման մանրամասներին ծանոթանալու համար բավական է այցելել worldwide.kia.com էլեկտրոնային կայքը։