Kia ընկերությունը որոշել է հրաժեշտ տալ Stinger մոդելին՝ թողարկելով Tribute Edition անվանմամբ սահմանափակ սերիա, որի առանձնահատկություններն են թափքի հատուկ գույնն ու ինտերիերի ձևավորումը։ Մոդիֆիկացիան կարտադրվի 1000 օրինակով, որոնց իրացումից հետո Հարավային Կորեայի գործարանում կդադարեցվի լիֆթբեքի արտադրությունը։ Ըստ ամենայնի դա տեղի կունենա մինչև հաջորդ տարվա ավարտը։
Stinger Tribute Edition-ը ստացել է թափքի հատուկ գորշ փայլատ ներկվածք՝ Moonscape անվանմամբ, հետին տեսադաշտի հայելիների սև լրամշակում և 19-դյույմանոց սև սնդուսափայլ անվասկավառակներ՝ Brembo ենթակիրներով։ Յուրաքանչյուր մեքենայի սրահը լրամշակված է տերակոտային բնական կաշվով, իսկ առջևի վահանակի վերին հատվածն ու դռները կստանան «կարբոնային» ձևավորում։ Գլխակալների վրա առկա են կրետի պատկեր պարունակող տարբերանշաններ։ Stinger Tribute Edition-ի բոլոր 1000 օրինակները կսարքավորվեն երկտուրբո V6 շարժիչով։ Խոսքը 3,3 լիտր ծավալով արգրեգատի մասին է, որը հասանելի էր GT և GT Suede համալրումների համար։ Այն զարգացնում է 370 ձիաուժ հզորություն և թույլ է տալիս 0-100 կմ/ժ արագացումը իրականացնել ընդամենը 5,4 վայրկյանում։
Kia-ն ընդգծում է, որ առաջին անգամ 2017 թվականին թողարկված Stinger-ը կարևոր մոդել էր մակնիշի համար, քանի որ էականորեն նպաստել է գերարտադրողական մոդելների արտադրությանը։ Stinger-ի գաղափարային հետնորդը կդառնա էլեկտրական EV6 GT-ն, ընդ որում մակնիշի ռազմավարությունը «երաշխավորում է, որ էկոլոգիական անվտանգությունն ու բարձր արտադրողականությունը հեշտությամբ կհամադրվեն Kia նշանի ներքո»։