Kia-ն հայտարարել է, որ հուլիս ամսին կորպորացիայի վաճառքները կազմել են 257 903 օրինակ, ինչը 6,3 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս ամենը հնարավոր է դարձել ամենագնացների, մասնավորապես՝ նոր Sportage-ի հաջողության շնորհիվ, որը իրացվել է 39 886 օրինակով։ Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Seltos և Sorento SUV մոդելները։ Բացի այդ, աճել է էլեկտրական մոդելների վաճառքը՝ հասնելով 44 000 օրինակի, ինչը 98 տոկոսով ավելին է, քան 2021թ․հուլիսի ցուցանիշը։
Կորեայից դուրս Kia-ն հուլիսին վաճառել է 206 548 ավտոմեքենա՝ գրանցելով 6,2 տոկոսի աճ։ Այստեղ հաջողության գրավականը Sportage և Seltos քրոսովերներն են՝ 36 480 և 22 768 օրինակ, համապատասխանաբար։ Առավել նկատելի է վաճառքների աճը խաղաղօվկիանոսյան, հնդկական, աֆրիկական շուկաներում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկակում։ Բացի այդ, առաջատար EV6 մոդելի գլոբալ վաճառքը կազմել է 8 171 օրինակ։
Սեփական երկրում Kia-ն իրացրել է 51 355 ավտոմեքենա, ինչը 6,6 տոկոսով գերազանցում է 2021 թվականի հուլիսի թվերը։ Այստեղ առաջատարը Sorento-ն է՝ 6 940 օրինակով, որին հետևում է Seltos SUV-ն՝ 4 120 վաճառքի ցուցանիշով։ Տպավորիչ է նաև Kia EV6 մոդելի արդյունքը՝ 3 049 օրինակ։
Արձագանքելով համաշխարհային շուկայի մարտահրավերներին՝ Kia-ն ձգտում է օպտիմալ կերպով կազմակերպել արտադրությունը՝ խուսափելով արտադրական կապերի խզումից։ Հիմնվելով մրցունակ նոր մոդելների վրա, ինչպիսին է, օրինակ, Եվրոպայում 2022 թվականի լավագույն մեքենա ճանաչված էլեկտրական EV6-ը, Kia-ն ընդլայնում է վաճառքներն ու բարձրացնում շահութաբերությունը՝ շարունակելով տրամադրել շարժունակության լավագույն լուծումները։