Go to content

Նորություններ

Ներկայացվել է երրորդ սերնդի Kia Soul-ը:
Ներկայացվել է երրորդ սերնդի Kia Soul-ը: 30.11.2018

Կորեական Kia ընկերությունը Լոս-Անջելեսի ավտոսրահում ներկայացրեց Soul քրոսովերի երրորդ սերնդի մոդելը: Այն կառուցված է նոր հենահարթակի վրա և առաջարկվելու է GT-Line և X-Line մոդիֆիկացիաներով, ինչպես նաև էլեկտրական շարժիչով: Առաջին անգամ նոր երկլիտրանոց շարժիչը կհամակցվի Kia Forte-ից փոխառած IVT «խելացի» վարիատորով:

Soul-ի արտաքինը դարձել է ավելի ֆուտուրիստական, չնայած քրոսովերը պահպանել է նախորդի ընդհանուր ուրավգծերը: Առանձնահատկությունների թվում են առջևի օպտիկայի բարդ կոնֆիգուրացիան՝ թափանցիկ զոլով միմիյանց միացված ցերեկային ընթացքի նեղ կրակներով, հետևի եռաչափ բումերանագաձև լապտերները, հեևտի՝ օդանավի թև հիշեցնող կանգնակները ու ևս մեկ նոր տարր, որը տեսողաբար միացնում է կողային ապակիները բեռնախցիկի դռան հետ:

Նոր Soul-ի շարժիչների գամման ներառում է նոր երկլիտրանոց մթնոլորտային բենզինային շարժիչը, որն ապահովում է 149 ձ.ուժ հզորություն և 179 Նմ ոլորող մոմենտ: Այն կարող է համակցվել 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի կամ IVT վարիատորի հետ, որն աչքի է ընկնում փոխարկման ադապտիվ տրամաբանությամբ և ձայնամեկուսացված պատյանով: Քրոսովերի համար հասանելի կլինի նախորդ սերնդից մնացած 1.6 T-GDi տուրբոշարժիչը՝ 204 ձ.ուժ հզորությամբ և 265 Նմ ոլորող մոմենտով: Այն համադրվում է երկու կցորդիչով սարքավորված 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ:

Soul ընտանիքում պահպանվել է նաև էլեկտրական ուժային ագրեգատով տարբերակը: Այս մոդիֆիկացիան համալրված է 204 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով (395 Նմ) և 64 կիլովատ-ժամ տարողունակությամբ մարտկոցների բլոկով: Ընթացքի պաշարի մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում, սակայն նույն ուժային ագրեգատով Kia Niro EV մոդելը WLTP ցիկլում հաղթահարում է մինչև 484 կմ:

GT-Line մոդիֆիկացիան ենթադրում է առջևի և հետևի «սպորտային» ձևավորում, 18-դյույմանոց անվասկավառակներ, կողային հայելիների սև սնդուսափայլ լրամշակում, ղեկի և փոխանցումատուփի լծակի կաշեպատում: Ավելի «արտաճանապարհային» X-Line-ի համար նախատեսված են թափքի՝ չներկված պլաստիկից վերդիրներ, հակամառախուղային լուսարձակներ, ռեյլինգներ, իսկ լրացուցիչ վճարի դիմաց՝ նաև թափքի երկգույն ներկվածք:

Նոր սերնդի Kia Soul-ի համալրումների շարքը ներառում է սրահի ֆոնային լուսավորում՝ «ըստ տրամադության», մուլտիմեդիա համակարգ՝ 10.25-դյույմանոց դիսփլեյով, 8-դյույմանոց պրոյեկցիոն դիսփլեյ, Harman Kardon աուդիոհամակարգ՝ 10 բարձրախոսով և սաբվուֆերով, ինչպես նաև անվտանգության ակտիվ համակարգերի լայն ցանկ: