Նորություններ

Kia ընկերությունը ներկայացրել է EV9 անվանմամբ եռաշարք էլեկտրական քրոսովերը։ Այս պահին հայտնի են միայն որոշ տվյալներ՝ էքստերիերի և ինտերիերի լուսանկորները, սարքավորումների հիմնական առանձնահատկությունները։ Այսպես, EV9-ը ստացել է դուրս քաշվող բռնակներ, բարդ լուսադիոդային օպտիկա, եռաէկրան թվային վահանակ և ձևափոխվող սրահ։
Էլեկտրական Kia EV9-ը կառուցված է E-GMP հենահարթակի վրա և առանձնանում է ֆուտուրիստական արտաքինով, որը հիմնված է Opposites United ֆիրմային փիլիսոփայության վրա և համեմված է կտրուկ գծերի միտումնավոր առատությամբ։ Մեքենայի առաջնամասը ընկերությունում շարունակում են կոչել Digital Tiger Face՝ վագրի թվային մռութ։ Այն բաղկացած է Digital Pattern Lighting Grille ճաղավանդակից, ուղղաձիգ լուսարձակներից և Star Map LED անվանումը ստացած ցերեկային ընթացքի կրակներից, որոնք համատեղ կերտում են անսխալականորեն ճանաչելի կերպար։

Ամբողջովին ներս քաշվող բռնակներով դռների հետևում թաքնված է ընդարձակ սրահը, որը կարող է տեղավորել վեց կամ յոթ ուղևոր։ Առաջին և երկրորդ շարքերի ուղևորները կարող են միաժամանկ դեպի հետ ծալել նստատեղերը, օրինակ՝ հանգստանալով լիցքավորման ընթացքում։ Բացի այդ, եթե երկրորդ շարքում տեղադրված է առանձին երկու նստատեղ, ապա դրանք կարող են շրջվել 180 աստիճանով, ինչը թույլ է տալիս ավելի հեշտացնել շփումը երրորդ շարքի ուղևորների հետ։ Ընդ որում, վերջիններիս հասանելի են ինչպես բաժակակալներ, այդպես էլ էլեկտրոնային սարքերի լիցքավորման համար նախատեսված միակցումներ։

Առջևի վահանակի վրա գլխավոր դերը տանում է եռաէկրան քլաստերը։ Դիսփլեյներից երկուսը ունեն 12,3 դյույմ անկյունագիծ, իսկ դրանց մեջտեղում գտնվում է 5-դյույմանոց էկրանը, որի միջոցով կարելի է կառավարել կլիմատ-կոնտրոլ համակարգը։ Կենտրոնական բարձակի վրա առկա են ջերմաստիճանի կառավարման կոճակները, ինչպես նաև մուլտիմեդիա համակարգի կառավարման փոխարկիչները։ Լայնաֆորմատ վահանակի անմիջապես ներքևում են գտնվում թաքնված սենսորային կոճակները, որոնք թույլ են տալիս ապաակտիվացնել ստարտ-ստոպ համակարգը, միացնել նստատեղերի հովացումն ու կառավարել այլ ֆունկցիաներ։

Այս մեծ էլեկտրական քրոսովերի լիարժեք նորամուտը նախատեսված է մարտի վերջին, երբ ավելի շատ մանրամասներ կհաղորդվեն բնութագրերի, համալրումների և դրանց արժեքի վերաբերյալ։ Ոչ պաշտոնական տվյալներով բազային Kia EV9-ը կստանա մոտ 200 ձիաուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատ և մեկ ամբողջական լիցքավորումով կկարողանա հաղթահարել մոտ 350 կիլոմետր։ Ամենաբարձր համալրման համար հասանելի կլինի 400-ուժանոց համակարգը, որը կապահովի տպավորիչ դինամիկա՝ տեղից մինչև 100 կմ/ժ արագացում 5,2 վայրկյանում։