Go to content

Նորություններ

Ներկայացվել է Kia EV9 էլեկտրական քրոսովերի նախատիպը;
Ներկայացվել է Kia EV9 էլեկտրական քրոսովերի նախատիպը; 21.12.2021

Kia-ն ներկայացրել է էլեկտրական մոդելայի շարքի ապագա առաջատար՝ EV9 կոնցեպտուալ քրոսովերը։ E-GMP մոդուլային հենահարթակի հիման վրա կառուցած ցուցադրական մոդելը առանձնանում է եռաշարք սրահով, հակառակ ուղղությամբ բացվող հետևի դռներով, 22-դյույմանոց անվասկավառակներով, արտաքին հայելիների փոխարեն օգտագործվող տեսախցիկներով և կապոտի մեջ ներկառուցված արևային վահանակով։ Մոտ հինգ մետր երկարությամբ և 3,1 մետր անվային բազայով նորույթը ըստ էության ամենամեծ Kia ավտոմեքենան է և արտաքին չափսերով գերազանցում է նույնիսկ հսկայական Telluride-ին։

Կոնցեպտուալ EV9-ը ունի մի քանի լուծում, որոնք ըստ երևույթին կիրականացվեն նաև սերիական էլեկտրամոբիլի վրա, մասնավորապես՝ առաջնամասի մեջ ինտեգրված լուսարձակները, դուրս քաշվող ռեյլինգները և արդեն իսկ հիշատակված արևային վահանակը, որը կոչված է լրացուցիչ սնուցման աղբյուր հանդիսանալ։

Մյուս կողմից սերիական EV9-ը չի ստանա շարժման հակառակ բացվող դռներ, հայելիների փոխարեն կիրառվող տեսախցիկներ (չնայած դրանք կարող են պահպանվել որպես օպցիա), ոչ էլ 22-դյույմանոց անվասկավառակներ։ Միևնույն ժամանակ մոդելը կպահպանի եռաշարք կառուցվածքը, բրուտալ արտաքինն ու սրահի պրեմիալ լրամշակումը։

Սրահում ուշադրություն է գրավում ոչ ստանդարտ ուղղանկյուն ղեկը, 27-դյույմանոց միասնական էկրանը և «ճախրող» կենտրոնական թունելը՝ տարանցիկ բացվածքով։ Երկրորդ շարքում տեղադրված է բազմոց՝ երկու առանձին թիկնակներով, ևս երկու նստատեղ կա երրորդ շարքում։ Ինժեներները նախատեսել են Enjoy Mode ռեժիմը, երբ բոլոր նստատեղերը պտտվում են 180 աստիճանով, իսկ բեռնախցիկի դուռը բացվում է, որպեսզի ուղևորները կարողանան զմայլվել բնապատկերով։

Ավտոմեքենան սարքավորվում է երկու էլեկտրական շարժիչով՝ մեկական յուրաքանչյուր սռնիի վրա։ Դրանց ընդհանուր հզորությունը դեռևս չի բացահայտվում, բայց հայտնի է, որ գրեթե երկու տոննա զանգվածով EV9-ը կարող է տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել մոտ հինգ վայրկյանում։ Շարժիչները սնուցվում են 77 կիլովատ-ժամ լիթկիում-իոնային մարտկոցից, իսկ ընթացքի հայտարարված պաշարը կազմում է 480 կիլոմետր։ Համակարգը թույլ է տալիս լիցքավորել 350 կՎտ հզորությամբ կայանից, որի օգնությամբ կարելի է ընդամենը 20 րոպեում էներգիայի պաշարը հասցնել մինչև 80 տոկոսի։