Go to content

Նորություններ

Թարմացվել է Kia-ի ամենամեծ քրոսովերը։
Թարմացվել է Kia-ի ամենամեծ քրոսովերը։ 24.06.2021

Kia ընկերությունը իրականացրել է իր մոդելային շարքի ամենամեծ՝ Telluride քրոսովերի թեթև թարմացում։ 2022 մոդելային տարվա ընդառաջ հինգմետրանոց ամենագնացը ստացել է նոր ճաղավանդակ, նոր տարբերանշաններ, ինչպես նաև բազային համալրման սարքավորումների ընդլայնված ցանկ։

Այսուհետ LX Kia Telluride-ի բազային մոդիֆիկացիան սարքավորվում է մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրանով, որը փոխարինել է 8-դյույմանոց տարբերակին, ինչպես նաև կլիմատ-կոնտրոլ համակարգով։ Բացի այդ սարքավորումների ստանդարտ ցանկը կհամալրվի Smart Cruise Control-Curve համակարգով, որը դանդաղեցնում է ավտոմեքենայի ընթացքը շրջադարձերից առաջ՝ ճշտելով մեքենայի դիրքը նավիգատորի ցուցումների համաձայն։

Telluride-ի բոլոր մոդիֆիկացիաները ի սկզբանե սարքավորված են օժանդակ համակարգերի Drive Wise համալիրով։ Այն ներառում է «կույր» գոտիների մոնիթորինգի համակարգ, վարորդի զգացողությանը հետևող համակարգ, շարժման շարքի պահպանման համակարգ և այլն։

Քրոսովերը սարքավորված է 3,8-լիտրանոց բենզինային V6 մթնոլորտային շարժիչով, որը զարգացնում է 295 ձ․ուժ հզորություն և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ։ Որպես ստանդարտ առաջարկվում է առջևի քարշակում, սակայն հավելավճարի դիմաց հնարավոր է պատվիրել նաև լիաքարշ համակարգ՝ էլեկտրահիդրավլիկ կցորդիչով։