Go to content

Նորություններ

Kia-ն ներկայացրել է լիաքարշ K8 սեդանը:
Kia-ն ներկայացրել է լիաքարշ K8 սեդանը: 24.03.2021

Kia ընկերությունը ներկայացրել է K7 (Cadenza) մոդելի հետնորդին՝ K8 անվանումը ստացած սեդանը: Նորույթը առանձնանում է անսովոր դիզայնով, լիաքարշ համակարգի առկայությամբ և կարող է համալրվել չորս տարբեր շարժիչներից մեկով: Սա առաջին Kia ավտոմեքենան է, որը թողարկվել է նոր լոգոտիպով:

Kia K8-ի բազային շարժիչը 1,6 լիտրանոց T-GDI քառագլան տուրբոագրեգատի կատարելագործված տարբերակն է: Որպես այլընտրանք առաջարկվում է ավելի մեծ՝ 2,5 լիտր ծավալով շարժիչը, որը զարգացնում է 198 ձ.ուժ հզորություն և 258 Նմ ոլորող մոմենտ: Հատկանշական է, որ առավել հզոր՝ 3,5-լիտրանոց ագրեգատը կառաջարկվի երկու տարբերակով՝ բենզինային և գազով: Բենզինայինը կզարգացնի 300 ձ.ուժ հզորություն և 359 Նմ մոմենտ, իսկ խտացված պրոպանով աշխատող տարբերակը՝ 240 ձ.ուժ և 314 Նմ: Բոլոր շարժիչները բացի բազայինից համակցվում են 8-աստիճան ավտոմատ փոխացումատուփի հետ: Առավել հզոր Kia K8-ը կառաջարկվի հետևի սռնիի կցորդիչով սարքավորված լիաքարշ համակարգով:

K8-ը սարքավորվում է Ergo Motion Seat վարորդական «խելացի» նստատեղով, որն առանձնանում է «հաճելի ձգվելու» ռեժիմով, որն ընտրելու ժամանակ նստատեղի թիկանկի հատվածում օդի հոսքի շնորհիվ ստեղծվում է նստած վիճակում ձգվելու զգացողություն: «Խելացի օժանդակման» ֆունկցիան, որն ակտիվանում է Սպորտ ռեժիմում և բարձր արագությունների դեպքում, ապահովում է նստատեղի և վարորդի մարմնի առավելագույն ճիշտ փոխադարձ դիրքը: Առջևի ուղևորի էլեկտրակառավարվող նստատեղը կարգավորվում է ութ ուղղությունով, բոլոր նստատեղերը օդափոխվում են և տաքացվում: Սրահն առանձնանում է կատարելագործված ձայնամեկուսացմամբ: Սարքավորումների ցանկում ներառված են կլիմատ-կոնտրոլ համակարգը, մուլտիմեդիա համակարգի առանձին բլոկը և երկրորդ շարքի ուղևորների համար նախատեսված USB-միակցումը:

Առջևի կոր վահանակը միավորում է սարքավորումների վահանակի և մուլտիմեդիա համակարգի 12-դյույմանոց էկրանները: Ձայնային լուծումների համար «պատասխանատու» է Meridian աուդիոհամակարգը՝ 14 բարձրախոսով և տարածական հնչողությամբ: Առկա է նաև 12-դյույմանոց պրոյեկցիոն դիսփլեյը, որը դիմապակու վրա արտացոլում է օժանդակ համակարգերի, նավիգատորի ցուցումներն ու մեքենայի արագությունը:

Kia K8-ը սարքավորվում է վարորդին օժանդակող Drive Wise համալիրի նորագույն տարբերակով: Այն ներառում է ճակատային բախումների կախման համակարգ, ինտելեկտուալ քրուիզ-կոնտրոլ և մայրուղիներով շարժմանն օժանդակող համակարգ: Առկա են նաև շրջանածիր տեսադաշտի տեսախցիկներ, կայանմանն օժանդակող համակարգ, որը թույլ է տալիս հեռավար կարգով կառավարել կայանումը, ինչպես նաև անվտանգության ինը բարձիկ: