Նորություններ

Kia ընկերությունը մանրամասներ է ներկայացրել մակննիշի դիզայնի նոր փիլիսոփայության ասին, որը ստացել է Opposites United, թարգմանաբար՝ «հակասությունների միասնություն» անվանումը: Նոր մոտեցումը կկիրառվի Kia-ի ապագա մոդելների համար, իսկ տվյալ մոտեցման շրջանակներում առաջինը հանդես կգա EV6 էլեկտրական քրոսովերը:
Նոր տեսլականը հիմնված է հինգ սկզբունքների վրա՝ «խիզախություն բնության համար», «ուրախություն բանականության համար», «ուժ առաջընթացի համար», «տեխնոլոգիա կյանքի համար» և «լարվածություն հանգստության համար»: Դրանք բոլորն էլ տարբեր աստիճանի արտացոլվել են նոր EV6 էլեկտրական քրոսովերի արտաքինում, որը E-GMP ֆիրմային հենահարթակի հիման վրա ստեղծված առաջին Kia մոդելն է:EV6-ի էքստերիերը նկարագրվում է որպես պարզ, մաքուր գծերի և ռելիեֆային, շրջահոսելի մակերևույթների համադրություն:

EV6 քրոսս-հեչբեքը նախագծվել է Kia-ի միանգամից երեք դիզայներական ստուդիաներում՝ Նամյանգ (Հարավային Կորեա), Ֆրանկֆուրտ (Գերմանիա) և Իրվայն (Կալիֆորնիա, ԱՄՆ): Ի տարբերություն մակնիշի ժամանակակից մոդելների, այն չի ստացել բնորոշ «վագրի քիթ» լուծումը, որը ներդրել էր ընկերության նախկին գլխավոր դիզայներ Փիթեր Շրայերը: Փոխարենը, EV6-ն ու Kia-ի ապագա մոդելները կստանան «վագրի թվային դեմք» (Digital Tiger Face) լուծումը, որն առաջանում է ընթացային կրակների պատկերից: EV6-ի մեկ այլ նկատելի առանձահատկություններից է տպավորիչ անվային բազան, որը համադրվում է կապոտի ցածր գծի, առջևի կարճ ցվիքի և թափքի ամբողջ լայնքով ձգվող լուսադիոդային ժապավենով առանձնացող հետնամասի հետ:

Սրահի ձևավորման համար օրինակ է ծառայել առաջատար Kia K8 մոդելը: Առջևի վահանակին նկատելի է կոր էկրանը, որի ձախ կեսը տրամադրված է սարքավորումների թվային վահանանկին, իսկ աջը ծառայում է մուլտիմեդիա համակարգի կառավարման համար: Ավելի ներքև գտնվում են կլիմատ-կոնտրոլ համակարգի սենսորային կոճակները: Ինտերիերն ընդհանուր առմամբ լուծված է լակոնիկ ոճով, որն ընդգծում են կոնտրաստային դեղին շեշտադրումները: Իրենց տեղն են գտել նաև էկոլոգիապես մաքուր նյութերը, մասնավորապես վերամշակված պլաստիկից է պատրաստված նստատեղերի պաստառապատման գործվածքը:

Kia EV6-ին առնչվող տեխնիկական մանրամասները դեռևս գաղտնի են պահվում՝ մինչև մարտի վերջին նախատեսված պաշտոնական նորամուտը: Ակնկալվում է, որ էլեկտրամոբիլը կառաջարկվի հետևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով, կսարքավորվի 170-ից մինչև 306 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատներով, ինչպես նաև 58 կամ 72,6 կՎտժ տարողությամբ մարտկոցներով: Մեկ լիցքավորումով առավելագույն ընթացքի պաշարը կկազմի մոտ 480 կմ: Ինչպես և նույնահարթակ Ioniq 5-ը, EV6-ի մարտկոցային համակարգը կարող է աշխատել 800 վոլտ լարմամբ, ինչը թույլ է կտա լիցքավորել մեքենան 350 կՎտ հզորությամբ տերմինալից ընդամենը 20 րոպեում: