Նորություններ

Kia-ն պատրաստվում է EV6 էլեկտրական մոդելի նորամուտին, որը մինչ այդ հայտնի էր CV ծածկագրով: Նոր մոդելը կդառնա ընկերության «տեխնոլոգիաների ցուցափեղկը» և Kia-ի առաջին մեքենան, որը կառուցված կլինի նորագույն E-GMP հենահարթակի հիման վրա:
Մինչ այդ ընկերությունը արդեն իսկ հաստատել էր, որ էլեկտրական նորույթների անվանումները բաղկացած կլինեն EV տառերից և դրանց հաջորդող թվանշանից: Տառերը հիշեցնում են, որ մեքենան սարքավորված է էլեկտրական ագրեգատով, իսկ թվանշանը մատնանշում է ավտոմեքենայի դիրքը մոդելային շարքում:

Նոր քրոսովերի արտաքինը հիշեցնում է Imagine by Kia ֆուտուրիստական կոնցեպտը և պատկերում է ապրանքանշանի ձգտումը դեպի էլեկտրականացում: Ցուցադրված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ EV6-ը առանձնանում է շրջահոսելի թափքով, սահուն տանիքով և թեքված հետևի կանգնակներով: Առջևից ուշադրություն են գրավում լուսադիոդային լուսարձակները, իսկ ռելիեֆային հետնամասը լրացնում են բումերանգի տեսքով իրականացված՝ շրջադարձի ցուցիչները, ինչպես նաև հետևի դռան ամբողջ լայնությամբ ձգվող ստոպ-ազդանշանները:

Kia EV6-ի առավել հզոր՝ լիաքարշ մոդիֆիկացիան կստանա երկու էլեկտրական ագրեգատ, որոնք միասին զարգացնում են 306 ձ.ուժ հզորություն և 605 Նմ ոլորող մոմենտ:

Ակնկալվում է, որ բազային EV6-ը կսարքավորվի 58 կՎտժ, իսկ թոփային տարբերակը՝ 72,6 կՎտժ տարողությամբ մարտկոցով: Հետևի քարշակմամբ և առավել տարողունակ մարտկոցով քրոսովերը մեկ լիցքավորումով ունակ կլինի հաղթահարել մինչև 480 կմ WLTP ցիկլում: Kia քրոսովերի մարտկոցային համակարգը ունակ կլինի աշխատել 800 վոլտ լարման պայմաններում, ինչը թույլ կտա 20 րոպեում լիցքավորել այն 350 կՎտ հզորությամբ հոսանքի աղբյուրից: