Նորություններ

Kia ընկերությունը ԱՄԷ-ում ընթացող IDEX 2021 Միջազգային ռազմական ցուցահանդեսում ներկայացրել է թեթև մարտավարական երկու մոդել: Այս տարի Kia-ի մասնակցությունը առավել ներկայացուցչական է, քանի որ Մերձարևելյան տարածաշրջանը դիտարկվում է որպես առավել կարևորներից մեկը ռազմական ավտոմեքենաների իրացման տեսանկյունից:

Kia-ն 2016 թվականից հարավկորեական բանակին մատակարարում է թեթև մարտավարական մեքենաներով, որոնք դարձել են որակյալ փոխադրամիջոցի օրինակ երկրի ռազմական մատակարարումների ոլորտում: IDEX-ում ներկայացվող նոր չորստեղանի մարտավարական թեթև բեռնատարը առանձնանում է համարձակ և վառ դիզայնով և սաքրավորված է մարդկանց և զանազան զինատեսակների տեղափոխման համար նախատեսված մոդուլով: Kia-ում հույս են հայտնում, որ արտաքին գրավչությունը և շահագործման հարմարավետությունը կնպաստեն ընկերության ռազմական ավտոմեքենաների հետագա պահանջարկի աճին:

Բացի նշված կոնցեպտից IDEX 2021-ում Kia-ն ցուցադրում է ռազմական տեխնիկայի համար նախատեսված բաց շասսին, որը թույլ է տալիս տեսնել բեռնատարի փոխանցման համակարգն ու բազային շրջանակը, ինչպես նաև պատկերացում կազմել հենահարթակի մասշտաբայնացման և զրահապատ ավտոմեքենաների լայն տեսականու համար դրա կիրառելիության մասին: Kia-ն ակտիվորեն նախագծում է ռազմական ավտոմեքենաներ Bare Chassis մոդուլի հիման վրա, որոնք մատակարարվում են ամբողջ աշխարհով մեկ սփռված պահանջկոտ հաճախորդներին: