Նորություններ

Kia-ն պաշտոնապես ներկայացրել է ընկերության նոր լոգոտիպն ու կարգախոսը: Նոր խորհրդանիշների ցուցադրության ընթացքում կիրառվել է պիրոտեխնիկական դրոնների ռեկորդային քանակություն: Դրանք միաժամանակ երկինք էին բարձրացել հարավկորեական Ինչոն քաղաքում և արձակել հարյուրավոր ֆեյերվերկներ:
Նոր լոգոտիպը արտացոլում է «համաչափության», «ռիթմի» և «վերելքի» գաղափարները: Այն դարձել է երկչափ և զրկվել օվալաձև շրջանակից, իսկ գրվածքը արված է բոլորովին նոր տառատեսակով, որը փոխարինել է դեռևս 1994 թվականից օգտագործվող տարբերակը: Ընկերությունում շեշտում են, որ լոգոտիպի ռիթմիկ չընդհատվող գիծը խորհրդանշում է «ապրանքանշանի՝ յուրաքանչյուր պահի հաճախորդներին ոգեշնչող զգացողություններ պարգևելու ձգտումը, իսկ համաչափությունը կոչված է մարմնավորել վստահությունը»: Վերընթաց գծերը խորհրդանշում են «ապրանքանշանի աճող հավակնությունները և այն ամենը, ինչ առաջարկվում է հաճախորդներին»:

Փոխվել է նաև ընկերության կարգախոսը: Նախորդ՝ «Զարմացնելու արվեստը» (The Power to Surprise) արտահայտությունը այսուհետ իր տեղը զիջել է «Ոգեշնչող շարժում» (Movement that Inspires) կարգախոսին: Նոր խորհրդանիշների ներկայացման ընթացքում Kia-ն կարողացավ նաև հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ միաժամանակ օդ բարձրացնելով 303 դրոն: Ներկայիս պահին դա մասնագիտացված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ռեկորդային քանակությունն է, որը միաժամանակ օգտագործվել է հրավառության համար:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Kia-ն հրապարակեց Plan S անվանումը ստացած երկարաժամկետ ռազմավարությունը, որը ենթադրում է բրենդի «վերբեռնում»: Այն այսուհետ կկենտրոնանա էլեկտրական լուծումների և նորագույն ինքնավար համակարգերի կիրառման վրա: Ընկերությունում վստահ են, որ էլեկտրական մոդելների շարքի ընդլայնումը կգրավի երիտասարդ գնորդներին և կօգնի ուժեղացնել մակնիշի իմիջը: