Նորություններ

Ժնևի ավտոսրահի շրջանակներում Kia-ն ցուցադրել է «Imagine by Kia» կոնցեպտը, որի առջևի վահանակին մեկ շարքով տեղադրված են 21 դիսփլեյ: Ինչպես նշում են ընկերությունում, սա «կատակային պատասխան հարված» է այն մակնիշներին, որոնք հետևելով նորաձևության ձգտում են մեծացնել մուլտիմեդիա համակարգերի դիսփլեյները:

Այս նախատիպը Kia-ի առաջին ամբողջովին էլեկտրական չորսդռնանի մարդատար էլեկտրական ավտոմեքենան է: Կոնցեպտի համար դիզայներները փոփոխել են «վագրի քիթ» անվանմամբ ռադիատորի կառուցվածքը, որն այժմ հատում են կուսարձակների լուսադիոդային տարրերը: Stinger մոդելը հիշեցնող լուսարձակների մոտակա և հեռավոր լուսավորության մոդուլները ծածկված են միևնույն ակրիլային ապակիով:

Թափքի վեցշերտանի «քրոմային» ներկվածքը իրականացված է ձեռքով և «գունամշակված» է բրոնզագույն թաղանքով: Դիմապակին և տանիքի վահանակը պատրաստված են մեկ կտոր ապակուց, որը սկսվում է առջևի կանգնակների հիմքից և լուսավորվում է լուսադիոդային շերտով: Կոնցեպտը սարքավորված է նաև 22-դյույմանոց անվասկավառակներով և 255/35 չափսի Goodyear անվադողերով:

Մոդելի տեխնիկական մանրամասները չեն հաղորդվում, սակայն հավանաբար ավտոմեքենան չի ունենա սերիական տարբերակ: Կոնցեպտի նպատակն է՝ ներկայացնել ապագայի էլեկտրամոբիլների տեսլականը: Ընդ որում, Kia-ում համարում են, որ նման մոդելները չպետք է լինեն ձանձրալի: