Նյու-Յորքում անցկացվող ավտոսրահում ներկայացվել է Kia Telluride քրոսովերի ռեսթայլինգային տարբերակը։ Մոդելը ստացել է արտաքին և ներքին նոր ձևավորում, «արտաճանպարհային» երկու մոդիֆիկացիա, ինչպես նաև ավելի մեծ լուսածերպ ու սարքավորումների ավելի հագեցած ցանկ։
Նորացված Kia Telluride-ը անսխալական կերպով կարելի է տարբերակել նախորդից։ Այն առանձնանում է ամբողջովին նոր առաջնամասով՝ ներառյալ օպտիկան և ճաղավանդակը, նոր շեմքերով, ինչպես նաև անվասկավառակների նոր հավաքածուներով։ Թափքի գույների ներկապնակը ընդլայնվել է ևս երեք երանգով՝ Midnight Lake Blue կապույտով, Dawning Red կարմիրով և Jungle Wood Green կանաչով։
Էլ ավելի շատ են փոփոխությունները սրահում։ Նախկին 10,25-դյույմանոց դիսփլեյի փոխարեն այստեղ տեղադրված է մեկ կոր լայնաֆորմատ վահանակ, որի մեջ միավորված են երկու 12,3-դյույմանոց էկրաններ։ Փոփոխվել են օդափոխման դեֆլեկտորները, դեկորատիվ վերդիրները և նույնիսկ ղեկանիվը։ Ի լրումն այս ամենի առաջարկվել են սրահի ձևավորման նոր գունային լուծումներ, ներսրահային թվային հայելի, ինչպես նաև բեռնախցիկի դռան ավտոմատ փակման և էլեկտրակառավարման ֆունկցիաները։
Kia Connect համակարգի և WiFi կապուղու շնորհիվ ռեսթայլինգային Telluride-ին կարելի է միացնել մինչև հինգ թվային սարք։ Հասանելի են նաև Apple iPhone, Samsung Galaxy սմարթֆոնների և Apple Watch ժամացույցների մեջ ինտեգրված թվային բանալիների համակարգը, նավիգացիոն համակարգի քարտեզների հեռավար թարմացումը, մեքենայի տեղորոշման և առևանգման դեպքում հեռահար անշարժացման ֆունկցիաները։
Բացի ստանդարտ համալրումներից մոդելային գամման ընդլայնվել է երկու «արտաճանապարհային» մոդիֆիկացիաներով՝ X-Line և X-Pro։ Telluride X-Line-ը առանձնանում է տասը միլիմետրով ավելի բարձր լուսածերպով, ուղեմուտքի և վայրէջքի ավելի մեծ անկյուններով, նորացված թրեկշն-կոնտրոլ համակարգով և հատուկ քարշակման համար նախատեսված ընթացային ռեժիմի առկայությամբ։ X-Pro մոդիֆիկացիայում այս ամենին ավելանում են արտաճանապարհային անվադողերով 18-դյույմանոց անվասկավառակները, բեռնախցիկում տեղակայված 110 Վ լարմամբ վարդակը և քարշակման ավելի մեծ հնարավորությունները, որոնք այժմ կազմում են 2495 կգ նախկին 2268 կգ փոխարեն։
Նորացված Telluride-ը հասանելի կլինի նախկին 3,8-լիտրանոց V6 շարժիչով (295 ձ․ուժ և 355 Նմ), ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով, առջևի քարշակմամբ կամ լիաքարշ համակարգով, ինչպես նաև ինքնակարգավորվող հետևի կախոցով։ Բոլոր մոդիֆիկացիաներում հասանելի կլինեն ընթացային չորս հիմնական ռեժիմներ՝ Smart, Eco, Sport և Comfort, իսկ լիաքարշ տարբերակների համար կառաջարկվեն նաև Snow և AWD Lock ռեժիմները։
Էլեկտրոնային օգնականների ցանկը էլ ավելի է ընդլայնվել։ Այսպես, ավելացել է զառիվայր շարժմանն օժանդակող Downhill Brake Control համակարգը, մայրուղիների համար նախատեսված Highway Driving Assist 2 «ինքնավար» համակարգը և ճանապարհային նշանների ճանաչման ու արագության սահմանափակման ֆունկցիաները։ Բախումների կանխարգելման Forward Collision Avoidance համակարգը սովորել է խուսափել խաչմերուկներում և շարքից շարք վերադասավորվելու ընթացքում տեղի ունեցող վթարներից, ինչպես նաև համալրվել է Evasive Steering Assist ֆունկցիայով, որը թույլ է տալիս շրջանցել անսպասելի խոչընդոտները։